Տ․ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը՝ ուղեկցությամբ Նիդերլանդներում ու Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի նոյեմբերի 17-18-ին այցելեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը։
Նոյեմբերի 17-ի երեկոյան Սրբազանը և դեսպան Բալայանը առիթ ունեցան հանդիպելու և զրուցելու երկրի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ։
Հաջորդ օրն առավոտյան նրանք այցելեցին Լյուքսեմբուրգի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդարանը ուր հյուընկալվեցին Լյուքսեմբուրգի արքեպիսկոպոս՝ Կարդինալ Ժան-Կլոդ Հոլերիշի կողմից։
Հանդիպման հիմնական նպատակն էր՝ քննարկել Լյուքսեմբուրգ քաղաքի կաթոլիկ եկեղեցիներից մեկի արջև հայկական խաչքարի զետեղման հետ կապված հարցերը։
Զրույցի սկզբում Սրբազան Հայրը փոխանցեց Վեհափառ Հայրապետի ողջույնները և Էջմիածին այցելելու հրավերը, ինչի համար Կարդինալը իր շնորհակալությունը հայտնեց, փափագելով այցելել աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը։
Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց եվրոպական ամենափոքր երկրի, ուր կաթոլիկ բնակչությունը կազմում է շուրջ 87% ՝ Հայաստանի հանդեպ ցուցաբերած դրական դիրքորոշման, զորակցության և բարյացակամ հարաբերությունների համար։
Խաժակ Սրբազանը տեղեկացրեց Կարդինալ Հոլերիշին՝ որը 2018 թվականից նախագահում է Եվրոմիության Կաթոլիկ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը (COMECE)՝ վերջերս ստեղծված Եվրոպայի Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Եպիսկոպոսաց Խորհուրդի մասին։ Նա ընդգծեց, որ նորաստեղծ խորհուրդի առաջիկա նպատակներից է երկխոսություն սկսել COMECE-ի հետ՝ հովվական և հասարակական հարցերի շուրջ։ Կարդինալ Հոլերիշը ուրախությամբ ընդունեց առաջարկը։ Սրբազանի խնդրանքը՝ եկեղեցի տրամադրել հայ համայնքի հոգևոր կարիքների բավարարման համար՝ բարեհաճությամբ և պատրաստակամությամբ ընկալվեց Լյուքսեմբուրգի կաթոլիկ առաջնորդի կողմից։
Ջերմ և բարեկամական մթնոլորտում ընթացող զրույցի ավարտին, Սրբազանը որպես հուշ, փոխանցեց բարձրաստիճան հոգևորականին Մայր Աթոռ Էջմիածնից բերված «Տիրամայրը մանկան հետ» փայտե սրբապատկերը։