Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու մշտական ներկայացուցիչ Տ. Խաժակ Արք. Պարսամյանը 12-14 սեպտեմբերին իտալական Բոլոնիա քաղաքում մասնակցեց միջազգային միջկրոնական ֆորումին, որը կազմակերպված էր՝ այս տարի Իտալիայի նախագահությամբ՝ Մեծ քսանյակի G20-ի շրջանակներում։
Ֆորումի բացման հանդիսությանը ողջույնի խոսք հղեցին Բոլոնիայի համալսարանի ռեկտորը, Իտալիայի Եվրոպական հարցերով փոխնախարարը, Արտաքին գործերի փոխնախարարը, Եվրախորհուրդի նախագահը և նաև կարդացվեց Իտալիայի նախագահի պատգամը:
Երեկ հետկեսօրին Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը ընդարձակ ելույթ ունեցավ ֆորումի կիզակետային քննարկումների շարքում անցկացվող՝ «Քրիստոնեական էկումենիզմը մոդե՞լ է» խորագրով նիստի ժամանակ։
Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը իր զեկույցում հայտնեց այն համոզմունքը, որ Էկումենիզմը անշուշտ կարելի է համարել երկխոսության օրինակ, այժմյան մարտահրավերների լույսի ներքո։ Իրապես, դարերի ընթացքում քրիստոնեական տարբեր դավանանքները՝ անցնելով բուռն աստվածաբանական և փիլիսոփայական բանավեճերի և անհանդուրժողության ու բռնի բախումների միջով, ի վերջո միջեկեղեցական շարժման շնորհիվ հասել են երկխոսության փուլի:
Սրբազան Հայրը անդրադարձավ Հայ եկեղեցու բազմադարյան միջեկեղեցական ոգուն և փորձին՝ շեշտելով, որ հայ քրիստոնեական ավանդույթին խորթ է եղել մեկուսացման գաղափարը: Քրիստոնեության առաջին դարերից սկսած Հայ Եկեղեցին հարաբերություններ է հաստատել տարբեր Քրիստոնեական կենտրոնների հետ, ուստի նա չի ժանաչել Արևելք-Արևմուտք բաժանումը:
Ապա, Սրբազանը հիշատակեց Սբ․ Ներսես Շնորհալի Հայրապետին, որն ավետարանական ոգով եկեղեցիների միության և համագործակցության ջատագով էր:
Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը Սբ. Ներսես Շնորհալի Հայրապետի աստվածաբանական ու դավանաբանական գրություններից օրինակներ մեջբերելով, հաստատեց, որ նրանք կենսական կարևոր ուղեցույց կարող են լինել եկեղեցական համագործակցության, միասնության և հատկապես այսօր աշխարհում այդքան անհրաժեշտ հանդուրժողականության ոգու ամրապնդման համար։
Նա բոլորի ուշադրությունը բևեռեց այն փաստի վրա, որ հայ ժողովուրդի պատմությունը և սփյուռքի մեջ Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունը օրինակ են՝ զանազան միջավայրերի, բազմամշակույթ, բազմակրոն ու բազմազգ իրականության մէջ գոյատևելու առումով։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին միշտ առաջնահերթություն է տվել միասնությանը և բարյացակամությանը:
Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը ընդգծեց, որ քրիստոնեական հավատքի հիմքը սերն է։ Ուստի, եթե հավատքի հիմնական կետերի շուրջ միություն լինի, ապա մնացած տարբերությունները բաժանման պատճառ չեն կարող դառնալ։
Սրբազան Հայրը եզրափակեց իր խոսքը այն համոզմունքով, որ վերոնշյալ մոտեցումները հնարավոր է կիրառել նաև միջկրոնական հարաբերությունների ասպարեզում։