Հունվարի 25-ին, Բրյուսելի Ս. Մարիամ Մագդաղենացի հայ առաքելական եկեղեցում, նախագահությամբ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պրսամյանի տեղի ունեցավ Բելգիայի Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միության կենտրոնական հանձնախմբի առաջին հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցեցին Հոգշ. Տ. Զատիկ Վրդ. Ավետիքյանը, Հոգշ. Տ. Տիրայր Վրդ. Հակոբյանը, Հոգշ. Տ. Մաղաքիա Աբղ. Բեսքիսիզյանը և Բելգիայի Հայ Եկեղեցու համայնքներից նշանակված երիտասարդներ։
Հանդիպման ընթացքում Խաժակ Սրբազանը բացատրեց, թե որքան կարևոր է երիտասարդների մասնակցությունը Բելգիայի Հայ Եկեղեցու համայնքներում՝ սրբազան առաքելության իրականացման համար։ Ապա ներկայացրեց Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միության առաքելության տեսլականը, որը կարելի է ամփոփել հետևյալ կերպով։
✅Բելգիայի Հայ Եկեղեցւոյ Երիտասարդաց Միությունը (ACYOB) Քրիստոսակենտրոն կազմակերպություն է, որի նպատակն է Բելգիայի հայ երիտասարդների մեջ ազգային մշակույթի և հոգևոր ավանդույթների խոր ըմբռնման ստեղծումը և քաղաքացիական ներգրավվածության իրական ոգու սերմանումը։ ACYOB-ի դերն ու առաքելությունը Բելգիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքում կենսական են, քանի որ այն ուղղված է երիտասարդներին դաստիարակելու և պատրաստելու՝ ապագայում համայնքային ու եկեղեցական առաջնորդության դերեր ստանձնելու համար։
✅ Այս նպատակը կյանքի կոչելու համար, կազմակերպությունը պետք է իր անդամներին ծանոթացնի Հայ Եկեղեցու ուսմունքներին և հայ ժողովրդի պատմությանը։ Այն պետք է խրախուսի նրանց՝ խթանելով ստեղծագործ մտածողությունը և տրամադրելով գործիքակազմ, որի միջոցով նրանք կարողանան արտահայտել իրենց հավատքը, կարողությունները, հետաքրքրությունները, մտահոգությունները և նվիրվածությունը։
Այս գործիքակազմը պետք է հնարավորություն ընձեռի անդամներին՝ կառուցելու ամուր ընկերական ու հոգևոր կապեր։
✅ Կազմակերպությունը պետք է մշակի ծրագրեր, որոնք կներգրավեն երիտասարդներին, կմատուցեն օգտակար տեղեկատվություն, կստեղծեն համայնքային պատկանելության զգացում, կխթանեն արդյունավոր գործակցությւոն և կկամրջեն նրանց Հայ Առաքելական Եկեղեցու ու նրա հարուստ մշակութային ժառանգության հետ։ Այս ծրագրերը պետք է բազմազան լինեն և ուղղորդեն հայ երիտասարդներին՝ ապագայում դառնալու իրենց համայնքների և առհասարակ հայ եկեղեցական կյանքի ժրաջան մասնակիցներ և առաջնորդներ։