ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

«Աղոթք Հանուն Խաղաղության» 37-րդ միջազգային հավաքը Բեռլինում

Սեպտեմբերի 10-ից 12-ը Բեռլինում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու հովանավորությամբ գործող Սանտ Էգիդիո միջազգային համայնքի (Comunità di Sant’Egidio) կողմից կազմակերպված, հանուն խաղաղության՝ երկխոսության և աղոթքի 37-րդ միջազգային եռօրյա հավաքը, որ համախմբել էր համաշխարհային կրոնների և քաղաքականության ու մշակույթի ոլորտի տասնյակ ներկայացուցիչների և հարյուրավոր մասնակիցների, որոնց թվում բազմաթիվ երիտասարդների։

Հայ Առաքելական Եկեղեցու կողմից ներկա եղավ Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, որը մասնակցեց «Խաղաղության ճիչ․ նահատակների վկայությունը» տեմայուվ ֆորումի աշխատանքներին։

Իր ելույթում Սրբազանը լուսաբանեց Հայ Եկեղեցու ավանդության մեջ նահատակության ընկալման խորհուրդը։ Նա բացահայտեց, որ ըստ Հայ Եկեղեցու ավանդության սրբերի կյանքի և նահատակության վկայության մատյանը՝ Հայսմավուրքը ընթերցանում են ամեն օր, ինչը կոպում է հոգին և զորացնում հավատքը։ Քանզի, ինչպես ասում էր Տերտուղիանոսը «նահատակների արյունը եկեղեցու սերմն է»։

Նա կանգ առավ հայոց պատմության վառ էջերից՝ Ավարայրի ճակատամարտի և Վարդանանց նահատակության Եղիշե պատմիչի բարոյական մեկնաբանությանը, ըստ որի չնայած կրած պարտության հայերը կարողացան պահպանել իրենց հավատքը:

Սրբազանը անդրադարձ կատարեց հայոց ցեղասպանության զոհերին, որոնք նահատակվեցին, մերժելով ընդունել թշնամու դավանանքը՝ այսինքն նահատակվեցին հանուն իրենց հավատքի, ինչի համար 2015 թ․ սրբադասվեցին Հայ Առաքելական Եկեղեցու կողմից։

Նա նշեց, որ որպես ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ հայերը գիտակցում են ուրիշի ցավը և տառապանքը և վշտակից են բոլոր այն մարդանց և ժողովուրդներին, ովքեր առայսօր հալածվում են և նույնիսկ նահատակվում, պայքարելով հանուն կրոնական և մարդկային իրավունքները։

Ապա ցավով հաստատեց, որ հայոց ցեղասպանությունը երբեք չի դադարել, այլ հատելով 20-րդ դարը հասել մեր օրերին։ Նա ակնարկեց 1988 թ․ Սումգայիթի ջարդին, բացահայտելով նրա պատմաքաղաքական դրդապատճառները և խոսելով Ղարաբաղյան շարժման մասին, իրազեկեց երկրորդ ղարաբաղյան պատերազմի և Ադրբեջանի ծավալապաշտ և հայատյաց քաղաքականության հետևանքով այսօր Արցախում ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ։

Այդ համատեքստում Խաժակ Արք․ Պարսամյանը մեջբերում արեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոի վերջերս կատարած տագնապալի զեկույցից, տեղեկացնելով, որ վերջինս կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հարցը փոխանցել Միջազգային քրեական դատարան:

Նա հիշատակեց անկլիգան արքեպիսկոպոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Դեզմոնդ Տուտուի «վերականգնող արդարադատության» սկզբունքը, ի տարբերություն «հատուցման արդարադատությունից», որը, նրա կարծիքով, չէր կարող ապահովել տևական խաղաղություն։ Քարոզելով հաշտեցման և ներողամտություն ճանապարհը, նա կոչ էր անում՝ հանուն իր ազգի ապաքինման և բարօրության, «գրկել թշնամիներին, ինչպես որ ընկերներին»:

Իր ելույթի ավարտին նա հիշեց քրիստոնյա Եկեղեցիների միջև խաղաղության և հաշտության ջատագով և էկումենիզմի և կրոնական հանդուրժողականության սկզբնադիր՝ Ս․ Ներսես Շնորհալուն, որի մահվան 850-ամյակը Հայ Եկեղեցին նշում է այս տարի։