ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Ալմելոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու անվանակոչության տոնը

Հունիսի 1֊ից 2֊ը, Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը այցելեց Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցական ծուխը, նախագահելու համար համանուն եկեղեցու անվան տոնախմբությունը։

Շաբաթ երեկոյան, Սրբազան Հայրը եկեղեցու սրահում հանդիպում և երկխոսություն ունեցավ թվով շուրջ երկու հարյուր համայնքի երիտասարդների հետ։

Ջերմ և ընկերական մթնոլորտում անցած զրույցը արծարծվեց հիմնականում երիտասարդների եկեղեցական համայնքային կյանքի մեջ ներգրավման և Ալմելոյի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ծխի առաքելության տասնամյակների բարի ավանդությունը շարունակելու վերաբերյալ։

Կիրակի առավոտյան Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Խաժակ Սրբազանը նախագահեց և քարոզեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին նվիրված Պատարագին, որը մատուցեց համայնքի հոգևոր հովիվ Տ․ Մաշտոց քահանա Բաղդասարյանը։ Պատարագի ավարտին նաև Հայրապետական մաղթանք կատարվեց։

Եկեղեցու տոնի առիթով Խաժակ Արք․ Պարսամյանը իր հետ բերել էր Իտալիայի Նեապոլ քաղաքի Սբ․ Գրիգոր Հայ վանքի մեծավորից որպես ձոն ստացած Հայոց Լուսավորչի մասունքը պարունակող մասնատուփը, որով օրհնեց բոլոր ներկաներին, խնդրելով Սբ ․Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը աշխարհում խաղաղության, համերաշխության և մասնավորապես Հայոց երկրում, միասնականության հաստատման համար, որպեսզի միասնաբար հաղթահարեն ազգի առջև ծառացած հիմնախնդիրները և մարտահրավերները։ Հավատացյալները հնարավորություն ունեցան մոտենալու և ակնածանքով համբուրելու մասնատուփը։