Գերաշնորհ Տ. Խաժակ Արք. Պարսամյանը հրավիրվեց մասնակցելու մի շարք միջեկեղեցական արարողությունների, որոնք տեղի ունեցան հունվարի 18-ից 25-ը կազմակերված Քրիստոնեաների միասնութեան աղոթքի շաբաթվա շրջանակներում։
Հունվարի 19-ին Սրբազան Հայրը մասնակցեց և քարոզեց Հռոմի Գրիգորյան քահանայապետական համալսարանի մատրանում մատուցված արարողությանը, ուր ներկա էին դասախոսներ, ուսանողներ եւ վարչական անձնակազմի անդամներ։ Նորին Սրբազնությունը իր քարոզին իբրեւ բնաբան վերցրել էր այս տարվա Քրիստոնեաների միասնության աղոթքի շաբաթվա համար ընտրված՝ Հովհաննու Ավետարանի 15:5-9 հատվածը. «Իմ սիրո մեջ հաստատ մնացեք և շատ պտուղ տվեք»։
Գերշ․ Տ. Խաժակ Արք. Պարսամյանը շեշտեց, որ Հովհաննու Ավետարանում արձանագրված Քրիստոսի պատգամը մեզ՝ իբրև քրիստոնյաների ցույց է տալիս կյանքի կարևորագույն ճշմարտությունը: Արդարև, Տեր Հիսուս մեզ հիշեցնում է, որ մենք կարող ենք Իր սիրո մեջ հաստատ մնալ հետևելով «Սիրեցեք իրար ինչպես ես սիրեցի ձեզ» (Հովհ. 15:12) պատգամին: Նորին Սրբազնության համոզմամբ՝ մենք կկարողանանք կյանքի ուրախության և երջանկության պտուղները վայելել, երբ Քրիստոսի սիրո մեջ հաստատ մնանք, իրար սիրենք այնպես, ինչպես Տերը մեզ սիրեց։ Սրբազան Հայրը մատնանշեց, որ Քրիստոսի այս պատգամը բոլոր քրիստոնեաների համար լավագույն ուղղեցույցն է՝ իրականացնելու միասնականությունը։ Որթատունկը մեկ է, իսկ ճյուղերը բազում։ Նրանք իրենց սնունդը նույն արմատից են ստանում ՝ ինչպես տարբեր եկեղեցիներ, որոնք իրենց առաքելությունը կատարում են աշխարհի տարբեր վայրերում, կրելով տարբեր մշակույթներ, ունենալով տարբեր սովորույթներ, լեզուներ․ սակայն բոլորի արմատը, հիմքը՝ նույնինքը Քրիստոսն է։ Բոլորն էլ նույն արմատից իրենց կյանքը, սնունդը ստանալով՝ կդառնան պտղատու։
Հաջորդ օրը՝ հունվարի 20-ի երեկոյան, Գերշ․ Տ. Խաժակ Արք. Պարսամյանը մասնակցեց՝ Կաթոլիկ Եկեղեցու Հռոմի թեմի կողմից կազմակերպված միջեկեղեցական արարողության, որ տեղի ունեցավ Սանտա Մարիա ին Տրաստեվերե եկեղեցում, ուր ևս քարոզ խոսեց։
Քրիստոնեաների միասնության շաբթվա փակման արարողությունը, որին նույնպես ներկա եղավ Գերշ․ Տ․ Խաժակ Պարսամյանը, տեղի ունեցավ հունվարի 25-ի երեկոյյան՝ Հռոմի Սբ․ Պողոս Պապական տաճարում։ Ավանդաբար Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետի հանդիսապետությամբ կատարվող արարողությունը, այս տարի՝ Ֆրանցիսկոս Պապի առողջական խնդիրների պատճառով, նախագահեց և նրա պատգամը փոխանցեց՝ Վատիկանի Քրիստոնեաների միասնության քահանայապետական խորհուրդի նախագահ Կարդինալ Կուրտ Կոխը։
Ինչպես նախորդ տարիներին, փակման երեկոյին ներկա էին Իտալիայում իրենց առաքելությունը կատարող, տարբեր քրիստոնյա դավանանքների առաջնորդներ և ներկայացուցիչներ։