Ինչպես գիտենք Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը Մեր Տիրոջ Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը նշում է հին Հուլյան տոմարով՝ այսինքն 13 օր հետո:
Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ Արք. Պարսամյանը, ընկերակցությամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ Տ. Սևան Արք. Ղարիբյանի , Տ. Թեոդորոս Եպս. Զաքարյանի և տոնական առիթով Սուրբ քաղաք ժամանած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բարձրաստիճան պատվիրակության անդամների՝ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Հովնան Եպս. Հակոբյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Տ. Հարություն Վրդ. Կիրակոսյանի, Տ. Ռուբեն Վրդ. Զարգարյանի ու Սրբոց Հակոբյանց Միաբանութան անդամների, այս տարի ևս մասնակցեց տոնակատարություններին։
Հունվարի 18-ին, եկեղեցականների և Ժառանգավորաց վարժարանի սաների թափորը Ս․ Հակոբյանց վանքից ուղևորվեց դեպի Բեթղեհեմ: Բեթղեհեմի հրապարակում թափորին միացան նաև հայ սկաուտները։ Ապա եկեղեցականները մուտք գործեցին Ծննդյան տաճար։
Տարբեր եկեղեցական արարաողություններին ներկա էին Պաղեստինի իշխանության և տարբեր քրիստոնյա հարանվանությունների ներկայացուցիչները, որոնք իրենց շնորհավորանքները և բարեմաղթանքները հղեցին հայ հոգևորականության և հավատացյալներին։ Տաճարում արարողությունները շարունակվեցին մինչև հունվարի 19-ի առավոտյան Ժամը 6-ը։