Ս․թ․ փետրվարի 27-ին Վատիկանի պարտեզներում տեղադրված Սբ. Գրիգոր Նարեկացու արձանի մոտ տեղի ունեցավ հանդիսավոր միջեկեղեցական արարողություն՝ նախաձեռնությամբ Հայ Եկեղեցու Սուրբ Աթոռում Ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության Սուրբ Աթոռում Դեսպանության ու նախագահությամբ Վատիկանի Արևելյան կաթոլիկ եկեղեցիների ժողովի կառավարիչ կարդինալ Լեոնարդո Սանդրիի ու Քրիստոնեական միության խրախուսման քահանայապետական խորհուրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխի։
Հայ մեծագույն սրբի ու աստվածաբանի հիշատակության արարողությանը՝ նախագահությամբ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և ներկայությամբ կարդինալներ Լեոնարդո Սանդրիի ու Կուրտ Կոխի, իրենց մասնակցությունը բերեցին հայ առաքելական և կաթոլիկ հոգևորականներ։ Դիտել տեսանյութը 🎬
Հանդիսությանը ներկա էին ՀՀ Սուրբ Աթոռում և Իտալիայի Հանրապետությունում դեսպաններ՝ պարոն Կարեն Նազարյանը և տիկին Ծովինար Համբարձումյանը, ինչպես նաև Սուրբ Աթոռում տարբեր երկրների դեսպաններ և Հռոմի Հայ համայնքի ներկայացուցիչներ։
Արարողության ժամանակ հայ համայնքի երիտասարդ երաժիշտների կատարմամբ հնչեցին Սբ․ Գրիգոր Նարեկացու տաղերից՝ «Հավուն հավուն» /սրինգ՝ Սոնա Հակոբյան/ և «Սայլն այն իջանէր» /սոպրանո՝ Մարինե Գրիգորյան/։
Իր փակման խոսքում դեսպան Նազարյանը՝ բնորոշելով Գրիգոր Նարեկացուն որպես «Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջ, որն ունակ է միավորել ժողովուրդներն ու եկեղեցիները», վերահաստատեց հայ ժողովրդի կամքը «միասնական շարունակել եղբայրական ճանապարհը և համաշխարհային երկխոսությունը՝ ի նպաստ միմյանց սուրբ գանձերի փոխանակմանը` սիրո, հարգանքի և փոխվստահության ոգով»:
Նախքան միջեկեղեցական արարողությունը, Սբ․ Պետրոսի տաճարում՝ Արևելյան կաթոլիկ եկեղեցիների ժողովի կառավարիչ կարդինալ Լեոնարդո Սանդրին Սուրբ Պատարագ մատուցեց ի հիշատակ Սուրբ Գրիգոր Նարեկացուն։ Համապատարագեցին՝ Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Գերշ․ Տ․ Լևոն արքեպիսկոպոս Զէքիյանը և Քրիստոնեական միության խրախուսման քահանայապետական խորհուրդի քարտուղար կարդինալ Բրայան Ֆարելը։
Հարկ է հիշել, որ 2015 թվականի ապրիլի 12-ին ՝ Հռոմի Սուրբ Պետրոս Տաճարում՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Սուրբ Պատարագի ընթացքում Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Ընդհանրական Եկեղեցու վարդապետ»:
Երեք տարի անց՝ 2018 թվականի ապրիլի 5-ին, Հռոմի Քահանայապետն՝ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների հետ, օրհնեց Վատիկանի պարտեզնե-րում տեղադրված Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը։
Իսկ վերջերս, փետրվարի 2-ին, Սբ. Աթոռի Պաշտամունքի և խորհուրդների մատակարարման ժողովը հայտարարեց Ֆրանցիսկոս Պապի հրամանը՝ արձանագրել Սուրբ Գրիգոր Նարեկացուն Լատինական Եկեղեցու ծիսական օրացույցի մեջ, Հայոց Սուրբին հիշատակելով յուրաքանչուր տարվա փետրվարի 27-ին։