Սբ․ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի Սարկավագաց երգչախմբի համերգներով՝ եվրոպական մի շարք քաղաքներում նշվեց մեծ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակը։
Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ․ի օրհնությամբ և Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի ներկայացուցիչ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանի նախաձեռնությամբ և խմբավարությամբ Շահե Քեշիշյանի՝ Գևորգյան ճեմարանի շրջանավարտ 15 սարկավագներ ելույթ ունեցան Եվրոպայի յոթ քաղաքներում։
Հոգևոր երգերից, Կոմիտասյան Պատարագի մի շարք շարականներից ու ժողովրդական երգերից բաղկացած մեկ ժամ տևողությամբ համերգը՝ հոտնկայս ծափահարություններով գնահատանքի արժանացավ բոլոր ներկաների և առանձնապես եվրոպացի ունկնդիրների կողմից։ Համերգները մեծավ մասամբ հյուրընկալվեցին կաթոլիկ եկեղեցիներում՝ հովանավորությամբ տեղի կաթոլիկ կարդինալների կամ արքեպիսկոպոսների։
Համերգները տեղի ունեցան Ամստերդամի պատմական Սբ․ Հոգի և Ալմելոյի (Նիդերլանդներ) Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Հայաստանյայց եկեղեցիներում։ Երգչախումբը ելույթ ունեցավ նաև Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի հնագույն Սբ․ Սերվատիոս տաճարում, ուր զետեղված են 4-րդ դարի հայ հոգևորական Սբ․ Սերվատիոսի մասունքները։
Նիդերլանդներից և Բելգիայից հետո Սարկավագաց երգչախումբը ժամանեց Իտալիա։ Հռոմի կենտրոնական Տրաստևերե թաղամասի Սբ․ Աստուածամօր նվիրված նշանավոր տաճարում համերգը կազմակերպվել էր Կարդինալ Սանդրիի և Կարդինալ Կոխի հովանավորությամբ և Իտալիայում և Սբ․ Աթոռում ՀՀ դեսպանների մասնակցությամբ։ Համերգին ներկա էին նաև տարբեր երկրների դեսպաններ, հոգևորականներ և տեղացիներ։
Երգչախմբի եզրափակիչ համերգը տեղի ունեցավ Միլանի կաթոլիկ Սբ․ Ստեփանոս Տաճարում՝ մասնակցությամբ Միլանի եկեղեցիների Միջեկեղեցական խորհուրդի անդամների։
Սարկավագաց երգչախումբը՝ Կոմիտասյան Պատարագի երգեցողությամբ, մասնակցեց նաև Բրյուսելի Սբ․ Մարիամ Մագդաղենացի և Միլանի Սբ․ Քառասուն Մանկանց հայ աքաքելական եկեղեցիներում մատուցված Սբ․ Պատարագի խորհուրդին։
Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը՝ անդրադարձ կատարելով համերգաշարի հաջողությանը, նշեց, որ նրա շնորհիվ ոչ միայն ներկայացվեց Կոմիտաս Վարդապետի հանճարը, այլ նաև ի հայտ եկավ կաթոլիկ և այլ քրիստոնյա Եկեղեցիների և հայ առաքելական Եկեղեցու միջև գոյություն ունեցող եղբայրական սիրո և համագործակցության ոգին։ Սրբազան Հայրը իր երախտապարտությունը հայտնեց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին՝ որ Իր օրհնությունը տվեց այս պանծալի նախաձեռնության իրագործման համար։