ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Պատվիրակության հոգևորականաց առանձնացում Բելգիայի «Սբ. Շարբել» վանքում

Մարտի 6-ից 8-ը, Բրուսելից ոչ շատ հեռու գտնվող  «Սբ. Շարբել» վանքում,  նախագահությամբ Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի, տեղի ունեցավ Պատվիրակության ներքո (Բելգիա, Հոլանդիա, Իտալիա և Իսպանիա) ծառայող հոգևորականաց առանձնացում-հավաք:

«Քահանայագործություն՝ հայ հոգևորականի առաքելությունը երեկ և այսօր»  խորագրի ներքո սկսեց և ծավալվեց խորհրդածությունը: Այս առիթով, որպես բնաբան Ավետարանից ընթերցվեց Մատթ. 28:16-20 և Գործք. 2:1-4 հատավածները:

Անհատական ու հավաքական աղոթքներին զուգահեռ, ստեղծվեցին նաև ինքնաքննության պահեր: Քննարկումների ժամանակ ամեն հոգևորական կիսվեց մյուսների հետ իր անձնական փորձառությամբ ու վկայություններով:

Երեկոյան կատարվեցին «Խաղաղական» և «Հանգստյան» ժամերգություններ, որոնց մասնակցեց Բելգիայից և Հոլանդիայց ժամանած հավատացյալների հոծ բազմություն: Հավատացյալները, ի նշան երախտագիտության այն հոգևոր սնունդի, որ ստացան հոգևոր հայրերից, բերել էին իրենց իսկ ձեռքով պատրաստված պահքի համեղ ու բազմազան կերակուրներ:

Հաջորդ օրը նույնպես սկսվեց աղոթքով՝ կատարվեց «Արևագալի» ժամերգություն, ապա հոգևորականներից ամեն մեկը քննարկման սեղանի շուրջ ընթերցեց եկեղեցական հայրերի գրվածքներից հատվածներ, կիսվեց իր մտածումներով և փոխանցեց ներկաներին իր պատգամը:

Առանձնացումի օրերն ավարտվեցին ամփոփիչ խորհրդածությամբ, տպավորությունների և կարծիքների փոխանակմամբ, ինչպես նաև Սրբազան Հոր գնահատանքի ու հորդորների պատգամով և օրհնությամբ: