Շաբաթ, մարտի 16-ին, Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ հիշատակության օրը Իտալիայի Նեապոլ քաղաքի Ս․ Գրիգոր Հայ եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ձեռամբ Խաժակ Արք․ Պարսամյանի, ներկայությամբ Հայաստանյայց Եեղեցու Ուկրաինայի և Լեհաստանի թեմի հոգևոր առաջնորդ Մարկոս Եպս․ Հովհաննիսյանի, Լեհաստանի Հայոց հոգևոր հովիվ Մինաս Աբղ․ Հախվերդյանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության տարբեր երկրներում հոգևոր սպասավորների։ Դիտել տեսանյությը 🎥
Նեապոլի պատմական եկեղեցում զետեղված Լուսավորչի մասունքները երկրպագելու և արարողությանը մասնակցելու հայ ուխտավորներ էին ժամանել Լեհաստանից, Բելգիայից և Իտալիայի տարբեր համայնքներից։
Պատվո հյուրն էր Նեապոլի հոգևոր առաջնորդի փոխանորդ, Եպիսկոպոս Գաետանո Կաստելլոն, որը նաև իր ողջույնի խոսքը և քարոզը հղեց ներկաներին։
Նա նախ Խաժակ Սրբազանին փոխանցեց այդ հանդիսավոր առիթով վանքի նշխարների պահոցից դուրս բերված՝ Հայոց սուրբի բանտարկության երկաթյա անուրը (շղթայի օղակը) և շղթաները, որոնք տեղադրվեցին եկեղեցու խորանին։
Նեապոլի Եպիսկոպոսը եղբայրաբար բարեգալուստ մաղթեց բոլորին և փոխանցեց քաղաքի առաջնորդ Արքեպիսկոպոս Դոմենիկո Բատալյայի սրտագին ողջույնները Խաժակ Սրբազանին և ամբողջ պատվիրակությանը։ Նա հիշեցրեց, որ Հայոց Լուսավորչի հիշատակը սերտ կերով կապված է ո՛չ միայն իր անունը կրող վանքի, եկեղեցու և փողոցի, այլ նաև քաղաքի պատմության հետ, քանդակած նրա 9-րդ դարի մարմարե տոնացույցում։
Նա կարևորեց Ս․ Գրիգոր Լուսավորչի կողմից՝ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին թողած, բանտարկության և սոսկալի չարչարանքների վկայության հիշատակումը Մեծ Պահքի շրջանում։
Նեապոլի Եպիսկոպոսը, անդրադարձ կատարելով Հովհաննեսի Ավետարանի 12-րդ գլի հատվածին․ «Այժմ հոգիս խռովված է։ Ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հենց դրա համար եմ եկել», ասաց հետևյալը․
«Սուրբ Գրիգորը, որպես Քրիստոսի վկա, առանց վերապահումների իր գոյությունը պատշաճ դարձրեց Տիրոջ խոսքերին։ Երկար բանտարկության ընթացքում նրա կրած տառապանքները բացառիկ ապացույց են, թե ինչ է նշանակում հետևել Տիրոջը, զոհաբերելով սեփական գոյությունը հանուն Քրիստոսի և իր եղբայրների:
Եվ Սուրբ Գրիգորի կողմից թողած այս ժառանգությունը շատ պարտավորեցնող է։ Այն ընդունվել է ուրախությամբ բայց նաև վիթխարի տառապանքներով բազմաթիվ լուռ վկաների կողմից, ինչպիսիք են ձեր երկրի քրիստոնյա նահատակները, որոնց հարկ է հիշել այսօր։ Սուրբ նահատակություն, շարունակվող դեռ անցյալ դարի ցեղասպանությունից, որը հիշատակվում է այստեղ ևս՝ եկեղեցու մուտքի մոտ տեղադրված խաչքարով»։
Ապա Նեապոլի Եպիկոպոսը անդրադարձ կատարելով սեպտեմբերյան դեպքերին, ասաց․ «Տասնյակ հազարավոր հայերին, հարևան երկրների ծավալապաշտական նկրտումների պատճառով անասելի տառապանքների ներքո ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը», և արձանագրեց, որ դա չափազանց քիչ ուշադրությամբ է ընկալվում հասարակական կարծիքի կողմից, այդ թվում նաև իտալական։ Ուստի, նա փափագեց աղոթել ներկաների հետ հանուն աշխարհի խաղաղության, և ի մասնավորի նրանց համար, «ովքեր ներկայում ստիպված են գտնվել Հայաստանում, իրենց տներից հեռու՝ մեր աշխարհի խուլ լռության ներքո»։
Նեապոլի եկեղեցականը ավարտեց իր խոսքը, հայցելով Տիրոջը ապրելու քրիստոնյայի վկայությունը, ինչպես այն ապրեց Սուրբ Գրիգորը և ինչպես Սուրբ Հոգու կողմից շնորհված զորությամբ շատերը շարունակում են դա անել նաև այսօր:
Խաժակ Սրբազանը իտալերեն իր պատասխան խոսքում ողջունեց Եպիկոպոս Կաստելլոյին, վանքի մեծավորին և բոլոր միանձնուհիներին։ Ապա իր պատգամը հաղորդեց ներկա հայ հավատավորներին։ Դիտել տեսանյութը 🎥
Հավարտ պատարագի, վանքի բակում տեղի ունեցած սիրո սեղանի ընթացքին Խաժակ Սրբազանը միանձնուհիների մեծավոր Մայր Ջովաննային նվիրեց Մայր Աթոռի Աստվածածնի և Մանկան փայտե սրբապատկեր։ Իսկ վերջինս, Խաժակ Սրբազանին փոխանցեց փոքր մասնատուփ-մեդալյոն՝ մեջը զետեղված Ս․ Գրիգոր Լուսավորչի մասունքի բեկորը։