Միջեկեղեցական աղոթք Հռոմի Ս․ Բարդուղիմեոս եկեղեցում
Երեկ մարտի 26-ին, 20-21-րդ դարերի տարբեր ոճիրների քրիստոնյա նահատակների, այդ թվում նաև Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների համար աղոթք բարձրացվեց Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում, որը կազմակերպվել էր Սանտ Էջիդիոյի համայնքի եւ Հռոմի թեմի թողմից։
Արարողությանը մասնակցեց և մասնավոր աղոթք հնչեցրեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Էկումենիկ արարողությունը հանդիսապետում էր, Վատիկանի աշխարհիկության, ընտանիքի և կյանքի հարցերով գրասենյակի ղեկավար, կարդինալ Քևին Ջոզեֆ Ֆարելը։
Նահատակության հարյուրավոր պատմություններ և անուններ հիշվեցին երեկոյան հսկման աղոթքի ժամանակ, Հռոմի Տիբեր կղզու այս պատմական եկեղեցում, ուր պահվում են նահատակների մասունքներ Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Ասիայից, Ամերիկայից, Օվկիանիայից և Աֆրիկայից։
Վեց մատուռներից մեկում տեղադրված են նաև Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների երկու վկայություն․ մասունքատուփ, ուր զետեղված է Դեյր էս Զոր (Սիրիա) անապատից բերված անհայտ հայ նահատակի ոսկորի բեկորը, իսկ մյուսը՝ Հռոմի Եկեղեցու կողմից սրբադասված «երանելի»՝ Օսմանյան կայսրության Մարդինի հայ կաթոլիկ արքեպիսկոպոս՝ 1915 թվականին նահատակված, Իգնատիոս Մալոյանի ինքնագիր նամակը։
Եկեղեցում համախմբված բազմաթիվ հավատացյալներ աղոթքով հայցեցին նահատակների բարեխոսությունը՝ Ուկրաինայում, Իսրայելում, Գազայում, Սիրիայում և ողջ Մերձավոր Արևելքում անմեղների կոտորածը դադարեցվելու համար: Որպեսզի պատերազմից վիրավոր յուրաքանչյուր երկիր կարողանա վերագտնել խաղաղության ճանապարհը և նրանց համար, ովքեր գտնվում են բանտերում և կալանավայրերում, ովքեր դիմադրում են չարին բարության զենքերով: