Հոկտեմբերի 20-ին Հռոմում տեղի ունեցավ խաղաղության նվիրված 34-րդ միջազգային հավաքը՝ կազմակերպված Sant’Egidio համայնքի կողմից «Ոչ ոք չի կարող փրկվել միայնակ. խաղաղություն և եղբայրություն» խորագրով։
Նա մեկնարկեց միաժամանակ Հռոմի տարբեր վայրերում և ըստ տարբեր կրոնական ավանդույթների խաղաղության աղոթքով: Ֆրանցիսկոս Պապի նախագահութամբ և տարբեր քրիստոնյա դավանանքի առաջնորդների և ներկայացուցիչների մասնակցությամբ միջեկեղեցական աղոթքը տեղի ունեցավ Հռոմի Սանտա Մարիա ին Արաչելի տաճարում։
Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ին այս հավաքին փոխարինեց Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը։
Աղոթքի ավարտին, աշխարհի հիմնական կրոնների ներկայացուցիչները Հռոմի տարբեր վայրերից տեղափոխվեցին քաղաքապետարանի Պիացցա դել Կամպիդոլիո հրապարակ, ուր համախմբվեցին խաղաղության ծիածանը խորհրդանշող բեմի վրա։
Այստեղ իրենց ուղերցը հղեցին Ուղղափառ Եկեղեցու Տիեզերական Պատրիարք՝ Բարթողիմեոս Ա-ն, Ֆրանսիայի գլխավոր րաբբի Հայիմ Կորսիան, Մարդկային եղբայրության (իսլամ) Գերագույն կոմիտեի գլխավոր քարտուղար Մոհամեդ Աբդելսալամ Աբդելատիֆը, բուդդայական Շոթեն Մինեգիշին։
Ողջույնի խոսքով դիմեցին Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատտարելան, Sant’Egidio համայնքի հիմնադիր Անդրեա Ռիկարդին և առցանց եղանակով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Այնուհետև մեկ րոպե լռությամբ հիշատակվեցին համաճարակի և բոլոր պատերազմների զոհերը։
Միջազգային հանդիպումը ավարտվեց Ֆանցիսկոս Պապի 2020 թ․-ի խաղաղության ուղերցով, որի տեքստը մի խումբ պատանիներ այնուհետ հանձնեցին միջոցառմանը ներկա դեսպաններին և ազգային ու միջազգային քաղաքական գործիչներին։
Իր ուղերցում Սրբազան Քահանայապետը մասնավորապես նշեց, որ աշխարհում խաղաղության կարիք կա և հորդորեց անտարբեր չմնալ, քանզի վերջերս քաղաքականության և հասարակական կարծիքի կողմից միտում է նկատվում պատերազմի չարիքին ընտելանալու և այն ընկալելու որպես մարդկային պատմության բնական ուղեկից: Անդրադառնալով այժմյա հրատապ թեմաներին Ֆրանցիսկոս Պապը ասաց. «Պատերազմները և խաղաղությունը, համաճարակները և առողջապահությունը, քաղցը և սննդի հասանելիությունը, գլոբալ տաքացումը և կայուն զարգացումը, բնակչության տեղահանումները, միջուկային ռիսկի վերացումը և անհավասարությունների նվազեցումը միայն առանձին ազգերին չեն վերաբերում: Մենք ավելի լավ ենք դա գիտակցում այսօր՝ «համընդհանրացած» այս աշխարհում, որը հաճախ մոռանում է եղբայրության հասկացողությունը»: Եվ հետևաբար, «պետությունների ղեկավարներին ասում ենք. Եկե՛ք միասին աշխատենք խաղաղության նոր ճարտարապետության վրա: Եկե՛ք միավորենք մեր ուժերը ի նպաստ կյանքի, առողջության, կրթության, խաղաղության»: