Մարտի 25-ից 26-ը հովվական այցելությամբ Իսպանիայի Վալենսիա քաղաքում գտնվեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Սրբազան Հորն ուղեկցում էր Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոգշ․ Տ․ Շնորհք աբեղա Սարգսյանը և Մալագայի և շրջակայքի հոգևոր հովիվ Տ․ Թորոս քահանա Իսայանը:
Այցի նպատակը`Վալենսիա քաղաքում եկեղեցական-համայնքային կյանքի կազմակերպումն էր, ինչպես նաև Արժանապատիվ Տ․ Թորոս քահանա Իսայանին այցելու հովիվ նշանակելն էր Վալենսիա քաղաքի և շրջակա բնակավայրերի:
Մարտի 26-ին մատուցվեց Սուրբ Պատարագ` նախագահությամբ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանի:
Սրբազան Հայրն իր քարոզում վերհիշեց մեր հավատքի հայր Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիքլը, այն որակելով դարերի հոլովույթում իբրև հայ ժողովրդի շարունակական առաջընթացի գրավական և ուղեցույց մեր օրերում ինքնակազմակերպման և աշխարհին ներկայանալու լավագույն միջոց:
Հավարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցավ ժողով ներկա հայ հավատացյալների մասնակցությամբ` առաջիկա ծրագրերի նախագծման և իրականացման համար: