ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Ծաղկազարդի Սբ․ Պատարագ և բարեգործական համերգ Բրյուսելում

Ապրիլի 1֊ից 2֊ը, հովվական այցով Բրյուսելում էր Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ` Գերշ․Տ. Խաժակ Արք․ Պարսամյանը։

Կիրակի օրը, Սրբազան Հայրը, Ծաղկազարդի տոնի առիթով, Սբ. Պատարագ մատուցեց Բրյուսելի Սբ․ Մարիամ Մագդաղենացի Հայոց եկեղեցում և իր, հավուր պատշաճի, քարոզ֊պատգամը փոխանցեց ներկա հավատացյալ ու բարեպաշտ ժողովրդյան։ Պատարագի ավարտին, Սրբազան Հայրը օրհնեց մանուկներին և պատանիներին, ինչպես նաև նրանց ծնողներին ու խաչիկներ նվիրեց ներկա բոլոր երեխաներին։

Նույն օրը, Բրյուքսելի Հայ Տան հանդիսասրահում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայոց Հայրապետի հորդորին որպես արձագանք, Սրբազան Հոր նախագահությամբ, տեղի ունեցավ բարեգործական ընթրիք` ի նպաստ, արդեն ավելի քան 110 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր հայրենակիցներին։

Ինչպես Սբ․ Պատարագին, այնպես էլ ընթրիքին ներկա էին նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր Դեսպան` տիկին Աննա Աղաջանյանը, ՆԱՏՕ֊ում ՀՀ Դեսպան` տիար Արման Իսրայելյանը, ինչպես նաև բելգիահայ համայնքի զանազան միությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ ու անդամներ։

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Մեխելենի «Շուշանիկ» և Բրյուսելի Հայ Տան «Հայ-Արտ» պարախմբերը՝ ղեկավարությամբ Մերի Կարապետյանի, կիթառահար, երգահան և մեկնաբան Արեգ Նազարյանը, ժողովրդական երգիչ Տիգրան Խանջյանը։

Երեկոն կազմակերպել էր Բելգիայի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, որին իրենց օգտաշատ մասնակցությունն էին բերել Հայ Տան տնօրինությունը, Սբ. Մարիամ Մագդաղենացի եկեղեցու Տիկնանց միությունը, ՀՕՄ֊ը, «Աղբակ Մխիթարյան» սոցիալական կենտրոնը և բարեգործ բազմաթիվ հաստատություններ և անհատներ։

Ընթրիքի ընթացքում քաջալերանքի, գնահատանքի և օրհնության խոսքով հանդես եկան Սրբազան Հայրը, տիկին Դեսպանը և այլ անձեր, ովքեր օժանդակում են Արցախի հիմնախնդրի դրական հանգուցալուծման։ Երեկոն վարեց` Բելգիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ` Տ. Զատիկ Վրդ․ Ավետիքյանը։