Սույն թվականի հունիսի 26-ին Հոլանդիա ժամանեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպս․ Պարսամյանը։ Սրբազան Հայրը Նիդերլանդներ էր ժամանել հատուկ առաքելությամբ։ Հունիսի 27-ին, կիրակի օրը Ամստերդամի «Սուրբ Հոգի» պատմական եկեղեցում տեղի ունեցավ հանդիպում, Հոլանդիայի գրեթե բոլոր Ուղափառ եկեղեցիների առաջնորդների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա պետք է լիներ Արդարադատության և Անվտանգության նախարար (որը հանդիսանում է նաև պատասխանատուն կրոնական հարցերում) պրն․ Ֆերդինանդ Խրապպերհաուսը։ Հանդիպման նպատակն էր նախարարին ծանոթացնել «Ուղղափառություն Տարածող Մարմնի» հետ (nd. Orthodoxe Zendende Instantie (OZI), eng. Orthodox Transmitting Authority), որը ներկայացնում է Նիդերլանդների՝ մոտավորապես մեկ քառորդ միլիոն ուղղափառ համայնքը և հարակից եկեղեցիների ներկայացուցիչներին:
Սակայն, հանդիպումից երեք օր առաջ տեղեկացանք, որ նախարարը ինչ-ինչ պատճառներով չի կարող մասնակցել հանդիպմանը։ Այդուհանդերձ հանդիպումն Ուղղափառ եկեղեցու առաջնորդների հետ տեղի ունեցավ և անցկացավ ջերմ մթնոլորտում։ Հանդիպման սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիպեց Գերշ․ Խաժակ Արքեպս․ Պարսամյանը։ Իր խոսքի մեջ Սրբազան Հայրն անդրադարձավ նաև Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու 300 ամյա պատմությանը։ Ապա կատարվեց Երեկոյան ժամերգություն՝ Գերշ․ Խաժակ Սրբազանի հանդիսապետությամբ։
Հավարտ ժամերգության կարճ խոսքով հանդես եկավ Մետրոպոլիտ Աթենագորասը:
Ապա ներկաները հրավիրվեցին եկեղեցու հանդիսությունների սրահ՝ ի մոտո ծանոթանալու միմյանց հետ և քննարկում ծավալելու հետևյալ թեմաների շուրջ՝
• Նիդերլանդներում Ուղղափառների դարավոր ներկայությունը (հայ և հույն վաճառականներ, Հայրերեն աստվածաշնչի առաջին տպագրությունը, Պետրոս Մեծ, Աննա Պավլովնա թագուհի)
• Ուղղափառ ներգաղթյալների հավասար իրավունքների (emancipation) և ինտեգրման հաջողություններն ու մարտահրավերները: Այն դերը, որ կարող են ունենալ ուղղափառ հոգևորականները մեր երիտասարդներին ուղղորդելու, չթողնելու որ մոլորվեն և սխալ ճանապարհի վրա հայտնվեն: Հասարակության մեջ մեր տեղը գտնելու ցանկությունը:
• Դրա հետ մեկտեղ սեփական ինքնությունը պահպանելու պահանջը, որպես մեկը Քրիստոնեության երեք հիմնական հոսանքներից:
• Մշակութային և կրոնական ժառանգության հետապնդումը և ոչնչացումը հայրենի տարբեր երկրներում՝ Եգիպտոս, Սիրիա, Իրաք, Թուրքիա, Կոսովո, Արցախ։
• 1915-ի ցեղասպանության հիշատակում և ճանաչում։
• Ուղղափառ եկեղեցիների և եկեղեցի այցելողների անվտանգությունը. սեփական դերը և համագործակցությունը ոստիկանության և կառավարության հետ։
Հանդիպմանը ներկա էին Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը (Հայ եկ.), Մետրոպոլիտ Աթենագորաս Պեկստադին (Կ. Պոլիս), Եպիսկոպոս Արսենի Էլ Բարմուսին (Ղպտի եկ.), Աննեթ Քրոուել, Էլիզաբեթ Իլիք, Մաթիս Աքայա (Սիրիայի ուղղափառ արքեպիսկոպոսի անունից, խորհրդական), Հայր Միքայել Բաքերը (Սուրբ Իրենեոսի Ուղղափառ աստվածաբանական ինստիտուտի ռեկտոր), Հայր Դանիել (եթովպիական եկ.), Հայր Մարկոս (էրիթրեայի եկ.), Հայր Իոաննիս Պսոմասը (Պոլիս) և Հայր Իոն Իուգան (ռումինական եկ.)