Գերարդսբերգենի հայ համայնքը ունի նոր եկեղեցական խորհուրդ
Ս․թ․ փետրվարի 22-ին Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքում կայացան Ծխական ընդհանուր ժողովը և ծխական խորհրդի ընտրությունները՝ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանի օրհնությամբ և նախագահությամբ։ Ժողովին ներկա էր նաև համայնքի հոգևոր հովիվ՝ Հոգշ. Տ. Մաղաքիա աբղ. Պեսքիսիզյանը։
Ընտրական գործընթացին մասնակցեցին 53 անդամներ, որոնց քվեարկության արդյունքում 10 թեկնածուներից 5-ը ընտրվեցին, իսկ 2-ը նշանակվեցին որպես պահեստային անդամներ։ Ընտրությունները տեղի ունեցան Սրբազան Հոր բարձր հովանու ներքո, ապահովելով արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընթացակարգ։
Ընտրությունների ավարտին Խաժակ Սրբազանը համայնքի հետ միասին շնորհավորեց նորընտիր խորհրդի անդամներին։ Այնուհետև եկեղեցական խորհրդի նոր անդամների հետ անցկացվեց ժողով, որի ընթացքում Վարդգես Մարգարյանը փակ քվեարկությամբ ընտրվեց Ատենապետ։
Փետրվարի 23-ին Գերարդսբերգենի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Սրբազան Հոր հանդիսապետությամբ։
Իր պատգամում նա նախ օրհնեց ծխական խորհրդի ընտրությունների այս նշանակալի իրադարձությունը։ Խոսելով ծխական խորհրդի դերի մասին, նա կարևորեց դրա առաքելությունը՝ աջակցել եկեղեցու առօրյա գործունեությանը, նպաստել համայնքի հոգևոր, կրթական և մշակութային զարգացմանը, ինչպես նաև խրախուսել համայնքի անդամների ակտիվ մասնակցությունն ու նվիրվածությունը։
Սրբազանն ընդգծեց միասնության և հավատքի ամրապնդման կարևորությունը, նշելով, որ Հայ Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հավաքական ուժի և ինքնության պահպանման անկյունաքարը։
Իր խոսքի ավարտին Սրբազան Հայրը կոչ արեց բոլորին միասնաբար, սիրով և նվիրվածությամբ շարունակել իրենց ծառայությունը եկեղեցուն ու ազգին։