ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Գալուստ Կիւլբենկեանի հիշատակի օրեր Լիսաբոնում

Տ․ Խաժակ Արք․ Պարսամայանը այս տարի ևս հրավիրված էր մասնակցելու Լիսաբոնում Գալուստ Գյուլբենկյանի հիշատակին նվիրված միջոցառումներին, որոնք անցկացվում են հուլիսի 20-ին՝ հայտնի հայ գործարարի և բարեգործի մահվան տարելիցին։

Արդեն տարիներ շարունակ այդ միջոցառումների անբաժան մասն է կազմում, Գյուլբենկյան մրցանակի պարգևատրման արարողությունը։ «Մարդկության համար» մրցանակը, 1 միլիոն եվրո մրցանակային գումարը 2020 թվականից սկսած շնորհվում է այն անհատներին և կազմակերպություններին, որոնք լուծումներ են փնտրում կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու համար։

Հուլիսի 19-ին կայացած հանդիսավոր արարողությանը հանձնախմբի նախագահ, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը՝ կենսական էկոհամակարգերը վերականգնման և պաշտպանության նպաստող լուծումների համար՝ մրցանակակիր հայտարարեց երեք անձ․ Բանդի «Ապաի Ջանգգուտին»՝ համայնքի պետ (Ինդոնեզիա), Սեսիլ Բիբիան Նջեբեթին՝ ակտիվիստ և գյուղատնտես (Կամերուն) և Լելյա Սալգադոյին՝ բնապահպան, դիզայներ, բեմադրող (Բրազիլիա)։

Հաղթողների շնորհակալական խոսքից հետո, բազմաթիվ պատվավոր հյուրերի ներկայությամբ, ելույթ ունեցան Պորտուգալիայի Նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոզան և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի նախագահ Անտոնիո Ֆեյջոն։ Երեկոն եզրափակեց Գյուլբենկյան նվագախմբի համերգը:

Իսկ հուլիսի 20-ի առավոտյան, Լիսաբոնի Igreja de Nossa Senhora do Rosário de Fátima եկեղեցում մատուցվեց պատարագ Գալուստ Սարգիս Գուլբենկյանի հոգու խաղաղության համար։ Արարողությունը ավարտվեց Խաժակ Սրբազանի «Հոգւոցն հանգուցելոց…» աղոթքով և ելույթով։

Գովաբանելով Գալուստ Գուլբեկյանին, որպես հայազգի փայլուն գործարար և եզակի առատաձեռն ու մարդասեր անձ՝ Սրբազան Հայրը հիշատակեց նրա անթիվ բարեգործական առաքելություններից միայն մի քանիսը․ Լոնդոնում, Քենսինգթոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու հիմնադրումը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի լայնածավալ Գյուլբենկյան գրադարանի ստեղծումը, Ստամբուլի Սբ․ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնումը։ Որպես Հայ Եկեղեցու նվիրյալ զավակ նա զգալի մասնակցություն ունեցավ նաև Էջմիածնի Մայր տաճարի վերականգմանը:

Իր ելույթում Սրբազանը ընդարձակ անդրադարձ կատարեց բոլորովին այլ ժամանակաշրջանի հայազգի մեկ այլ բացառիկ և վառ անհատականության՝ Հայոց Հայրապետ, աստվածաբան, քրիստոնեական միասնության ռահվիրա, միջնադարի երաժշտության և պոեզիայի ակնառու դեմքերից՝ Սբ․ Ներսես Շնորհալու կյանքին և գործունեությանը։

Սրբազանի համոզմամբ այսօր էլ դիվանագիտությունը կարող է ուղղորդվել Ս․ Ներսեսի և Գյուլբենկյանի մարդասիրական և խաղաղասիրական մոտեցումով՝ այժմյա խնդիրներին և մարտահրավերներին առերեսվելու համար: Երկուսի գործունեությունն էլ կարող է կենարար օրինակ ծառայել՝ ինչպես քրիստոնեական միասնության որոնման, այնպես էլ մեր ժամանակակից աշխարհը աղավաղող կրոնական և բարոյական բնույթի բախումների վերացման ճանապարհին:

Առիթից օգտվելով, նա համառոտ ներկայացրեց Սբ․ Ներսես Շնորհալու այս հոբելյանական տարվան նվիրված Վատիկանում կայանալիք տոնակատարությունների ծրագիրը։ Նա առանձնացրեց Հայոց Հայրապետի քրիստոնեական երկխոսության գաղափարի երեք հենակետերը՝ «սյուները», այն է Միասնություն, Հումանիզմ և Շնորհ, որոնք հիմք ենք հանդիսանում Շնորհալու ոգեկոչման միջոցառումների համար, նշելով, որ այդ նույն սկզբունքները կենտրոնական դարձան նաև Գալուստ Գյուլբենկյանի՝ մարդասերի և բարերարի, ամբողջ ստեղծարար կյանքում։

Եկեղեցական արարողությունից առաջ Սրբազան Հայրը այցելեց Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի գրասենյակը, ուր հանդիպում ունեցավ նախագահ Անտոնիո Ֆոյժոյի և հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի այլ անդամների հետ։ Ապա առանձին զրույց ունեցավ Գյուլբենկյան ընտանիքի ներկայացուցիչ ու հաստատության հոգաբարձուների խորհրդի մշտական անդամ Մարտին Եսայանի և հիմնադրամի հայկական բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի հետ։

Հուլիսի 19-ի երեկոյան, Խաժակ Սրբազանի այցելության առիթով, Ռազմիկ Փանոսյանի հրավերով ընթրիք տեղի ունեցավ Լիսաբոնի հայկական Արարատ ռեստորանում, որին մասնակցեցին տեղի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ։