Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը, կիրակի, հոկտեմբերի 15-ի երեկոյան hովվապետական անդրանիկ այցելության նպատակով Բրյուսելից ժամանեց Գերարդսբերգեն և նախագահեց քաղաքում տեղի ունեցած անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան Հորը ճանապարհորդության ընթացքում ընկերակցեցին Հոգշ․ Զատիկ վրդ․ Ավետիքյանը, Հոգշ․ Տ․ Մաղաքիա աբղ․ Բեսքիսիզյանը և տեղի բնակիչ՝ Քոչար Կարապետյանը։ Սրբազան Հայրը և ընկերակիցները նախքան եկեղեցի ուղևորվելը այցելեցին երկու տարի առաջ քաղաքում տեղադրված Ս․Խաչքարը։
Սրբազան Հորը եկեղեցու դռան առջև ողջունեցին ավանդական աղ ու հացով։ Ապա, եկեղեցու զանգի ղողանջի տակ Սրբազան Հայրը Հրաշափառով մուտք գործեց եկեղեցի և «Պահպանիչ» աղոթքից հետո «Հայր Մեր» աղոթքով սկիզբ առավ Սուրբ և Անմահ Պատարագը։
Օրվա պատարագիչն էր Լիեժի հոգևոր հովիվ՝ Հոգշ․ Տ․ Մաղաքիա աբղ․ Բեսքիսիզյանը։ Սրբազան Հայրը մշակույթի շաբաթվա, Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնի և նոր համայնքի հիմնադրման ուրախ առիթով իր պատգամը փոխանցեց եկեղեցում համախմբված բազում հավատացյալներին։
Պատարագին ներկա էին Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան՝ Տիգրան Բալայանի օգնական՝պարոն Գևորգ Ղազարյանը, Գերարդսբերգենի քաղաքապետի օգնական պարոն Ֆերնանդ Վան Թրիմպոնտը և քաղաքապետարանի խորհուրդի անդամներից պարոն Ռուդի Ֆրեդերիկը։
Սրբազան Հայրը իր պատգամի վերջուվ հայտնեց, որ Լիեժի հոգևոր հովիվ Հոգշ․ Տ․ Մաղաքիա աբղ․ Բեսքիսիզյանին նշանակում է նաև Գերարդսբերգենի և շրջակա քաղաքների հայ հավատացյալների հոգևոր հովիվ՝ կարգադրությամբ ամիսը երկու անգամ այցելել համայնքը՝ հովվական և եկեղեցական-կազմակերպչական գործունեության նպատակով։
Սուրբ Պատարագի ավարտին, Սրբազան Հայրը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց Գերարդսբերգենի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի հոգևոր հովիվին և նոր ծխական խորհուրդի անդամներին՝ ատենապետութեամբ պարոն Վիգեն Հովսեփյանի։
Արարողության վերջում, Սրբազան Հայրը և ներկա հավատացյալ ժողովուրդը ուղղվեցին՝ ի պատիվ իր անդրանիկ այցելության և նոր համայնքի հիմնադրման ուրախ առիթով պատրաստված հյուրասիրության։