Հռոմի Հայ Առաքելական համայնքի հոգևոր հովիվ Տեր Պսակ վարդապետ Թեբիրջյանը, Տեր Խաժակ Արք․ Պարսամյանի օրհնությամբ, հունվարի 25-26-ին մասնակցեց իտալական Ապուլիա մարզի վարչական կենտրոն՝ Բարի քաղաքում կայացած «Զրույցներ կաթոլիկների և ուղղափառների միջև Սուրբ Հոգու ներքո» հանդիպմանը, որը նախաձեռնվել էր Կաթոլիկ եկեղեցու հավատացյալների «Թեոսիս և Քարիզմատա» միջազգային ընկերակցության կողմից։
Հայր սուրբը, որը ուսանում է Հռոմի Քահանայապետական Արևելյան ինստիտւտի ասպիրանտուրայում, հանդես եկավ «Թեոսիսը հայկական ավանդույթում. հեռանկարներ քրիստոնյաների միասնության ճանապարհի համար» վերնագրով զեկուցմամբ։
Նրա ելույթի հիմնական կետերը հետևյալն էին․
🔹 Թեոսիսը (աստվածացում) որպես աստվածաբանական հիմք
🔹 Հայկական տեսության ինքնատիպությունը
🔹 Ծեսի և Խորհուրդների դերը
🔹 Թեոսիսը և քրիստոնյաների միասնությունը
🔹 Տեսլական՝ եկեղեցական երկխոսության համար
Այստեղ Հայր սուրբը նախորոշեց Եկեղեցիների համատեղ ընթացքով միասնության հասնելու երեք հիմնական կետեր․
-Մարդեղության առաջնայնությունը, որը հիմքն է թեոսիսի և եկեղեցական հաղորդության համար։
-Խորհուրդները որպես միասնության տարածքներ, հատկապես Սուրբ Հաղորդությունը, որն ինչպես անհատին է սրբագործում, այնպես էլ կարևորում է Քրիստոսի խորհրդական Մարմինը։
-Փրկության համայնական տեսլականը, որը հաղթահարում է անհատապաշտությունը և ճանաչում է Եկեղեցին որպես թեոսիսի տարածք՝ Աստծո հետ համայնական փոխհարաբերության մեջ։
Ամփոթելով իր ելույթը, հայր Պսակը նշեց, որ Հայկական աստվածաբանական մոտեցումը թեոսիսին էական ներդրում է քրիստոնեական Եկեղեցիների երկխոսության մեջ։ Այս մոտեցման վերագնահատումը, որն ընդգծում է թե՛ Աստծո հետ հաղորդությունը, թե՛ հավատացյալների միասնությունը, կարող է պտղաբեր հեռանկար առաջարկել էկումենիկ ընթացքի համար՝ արձագանքելով Քրիստոսի պատգամին․ «Որ ամենքը մեկ լինեն» (Հովհ․ 17,21)։
✅ Իր այցի ընթացքում՝ Հայր Պսակը, Բարիի Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանում հանդիպեց պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրիանի և Ապուլիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հյուպատոսարանում կատարվեց խորհրդանշական Ջրօրհնեքի արարողությունը՝ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնից բերված նոր օրհնված Սրբալույս Մյուռոնով։
Հաջորդ առավոտյան բոլոր ներկաները մասնակցեցին աղոթքի, քաղաքի պատմական կենտրոնում՝ Սուրբ Նիկողայոս Մայր Տաճարի հարևանությամբ գտնվող Ս․ Գրիգոր Լուսավորչին նվիրված եկեղեցում։ Այնուհետև, բոլորը ուղևորվեցին հարգանքի տուրք մատուցելու Բարի քաղաքի խաչքարի առջև, որը հանդիսանում է հայկական ինքնության և հիշողության խորհրդանիշ։