ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Ավագ Շաբաթի և Ս․ Հարության տոնի արարողությունները Երուսաղեմում

Այս տարի Հայ Եկեղեցին Երուսաղեմում Սուրբ Հարության տոնը նշեց մայիսի 5-ին։

Այդ առիթով, մայիսի 2-ից մայիսի 6-ը՝ Ավագ Շաբաթի և Ս․ Հարության տոնի, խիտ ժամանակացույցով արարողություններին մասնակցելու համար Հռոմից ժամանել էր Արևմտյան Եվրոպայում հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայաստանյայց Եկեղեցու ներկայացուցիչ Գերշ․ Տ․ Խաժակ Պարսամյանը։

Ավագ հինգշաբթի Սրբազան Հայրը Հակոբյանց վանքում մասնակցեց նախ Ոտնլվայի հանդիսավոր կարգին, ապա երեկոյան եկեղեցական արրարողության և թափորով երթին դեպի Քրիստոսի Առաջին Բանտ՝ ի Հրեշտակապետաց վանք, ապա դեպի Սուրբ Ծառ և Երկրորդ Բանտ՝ ի Ս․ Փրկիչ վանք։ Նույն օրը, երեկոյան ժամը 19-ին Ս․ Հակոբ վանքում մեծ հանդիսությամբ կատարվեց Խավարման կարգ։

Ավագ ուրբաթ կեսօրին Ս․ Հակոբյանց վանքի հայ միաբանները ուղղորդվեցին դեպի Ս․ Հարության տաճար, կատարելու Խաչելության կարգ, իսկ երեկոյան ժամը 17-ին Ս․ Հակոբ վանքում հավատավորները ներկայությամբ կատարվեց Թաղման կարգ։

Հաջորդ օրը, Ավագ Շաբաթը հույն պատրիարքը եւ Երուսաղեմի հայ պատրիարքի հանձնարարությամբ արդեն 9 տարի շարունակ «լուսահանի» պատվավոր առաքելությունը կատարող Ս․ Հակոբյանց վանքի միաբան՝ Տ․ Ասպետ Ծ․ Վարդապետ Բալյանը, մուտք գործեցին Ս․ Գերեզմանի մատուռ, այնտեղից դուրս բերելով Տիրոջ Հարությունը խորհրդանշող կենսարար կրակը եւ բաշխեցին Տաճարում ներկա ուխտավորներին:

Այդ կրակով նախ վառվեց տաճարի մեջ գտնվող հայկական Գողգոթայի կանթեղը, ապա լուսատու կրակը՝ հոգևորականներից և հավատավորներից կազմած հանդիսավոր թափորով բերվեց Ս․ Հակոբյանց տաճար, ուր երեկոյան կատարվեց Ճրագալույցի կարգ և Ս․ պատարագ։

Կիրակի օրը, վաղ առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց եկեղեցականների եռադարձ թափոր Սուրբ Գերեզմանի շուրջ, ապա Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա՝ Ս․ Հարության տաճարում, մատուցվեց Ս․ Ծննդյան տոնական պատարագ։ Կիրակի կեսօրից հետո Հայոց վանքի Մեծ Բակում կատարվեց Անդաստանի կարգ։

Երկուշաբթի առավոտ Ս․ Հակոբ Տաճարի ավագ խորանի վրա պատարագեց ու քարոզեց Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը:

Հիշեցնենք, որ ըստ ավանդության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը Ս․ Զատիկը նշվում է միշտ այլ Ուղղափառ եկեղեցիների հետ միասին՝ 1853-ին Օսմանյան կայսրության օրոք, սուլթան Աբդուլ Մեջիտի կողմից վավերացված «Ստատուս քվո» հռչակագրի համաձայն։